ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) խոլերայի դեմ պատվաստումներ են սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որը տուժել էր փետրվարին տեղի ունեցած երկրաշարժից: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Արշավի ընթացքում խոլերայի դեմ պատվաստանյութի 1,7 միլիոն չափաբաժին կօգտագործվի մեկ տարեկանից բարձր սիրիացիներին պաշտպանելու համար, հատկապես նրանց, ովքեր ապրում են երկրաշարժից առավել ծանր տուժած և խոլերայով հիվանդանալու առավելագույն վտանգի տակ գտնվող տարածքներում»,-ասված է ԱՀԿ Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանային բյուրոյի հայտարարության մեջ:
Անցյալ տարվա սեպտեմբերին հայտարարվել Էր Սիրիայում խոլերայի բռնկման մասին, միայն Իդլիբում և Հալեպում գրանցվել էր հիվանդության ավելի քան 50 հազար հավանական դեպք, որոնցից 18%-ը բաժին էր ընկնում ներքին տեղահանվածների ճամբարներում ապրողներին:
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։
Սիրիայում նույն երկրաշարժի զոհերի թիվն անցել է 8500-ը։