Երևանում կեղծ ալկոհոլ են արտադրել` կեղծ դրոշմանիշներով. ՊԵԿ–ի բացահայտումը

Պետությանը պատճառվել է 15 մլն ՀՀ դրամի վնաս, կեղծ ալկոհոլ արտադրող անհատ ձեռնարկատերի նկատմամբ հնարավոր տուգանքի չափը 165 մլն ՀՀ դրամ է։
Sputnik
Երևանում շինության նկուղային հարկում հայտնաբերվել է ալկոհոլային խմիչքների քողարկված արտադրամաս, որտեղ զբաղվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված կեղծ օղիների և կոնյակների արտադրությամբ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ գործունեությունը կազմակերպած անհատ ձեռնարկատերն առանց ծանուցման իրականացրել է ալկոհոլային խմիչքների արտադրություն, որի իրացման նպատակով ձեռք է բերել, պահել և օգտագործել Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության կեղծ ակցիզային դրոշմանիշներ։
«Հայտնաբերվել են կեղծ ակցիզային դրոշմանիշերով դրոշմավորված և պիտակավորված տարբեր անվանումներով 446 շիշ կոնյակ և 4949 շիշ օղի, պոլիէթիլենային տակառներով 200-250 լիտր տարողությամբ՝ 13 հատ էթիլ սպիրտ, պոլիէթիլենային տարաներով՝ 10 հատ 20 լիտր տարողությամբ կոնյակ, տարբեր ապրանքանիշների պիտակներ, խցաններ, շշեր, ինչպես նաև ալկոհոլային խմիչքներ արտադրելու և շշալցնելու համար անհրաժեշտ սարքավորումներ»,– նշում են ՊԵԿ–ից` հավելելով, որ հայտնաբերված կոնյակի և օղու պատրաստման ու իրացման համար նախատեսված պարագաներն առգրավվել են:
Նախնական տվյալներով` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 15 մլն ՀՀ դրամի վնաս։
Հայտարարագրել են մանդարին, ներմուծել են հագուստ. ՊԵԿ-ի բացահայտումը
Աշխատանքներ են տարվում անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու ուղղությամբ։ Հնարավոր տուգանքի չափը կկազմի 165 մլն ՀՀ դրամ: