ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի - Sputnik. Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ:
Տեղեկությունը հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ԵՄ-ն Հայաստանում իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումների հիմնական գործընկերն է և շնորհակալություն է հայտնել այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար:
«Ուրսուլա Ֆոն դեր Լայենը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը և հայտնել ԵՄ պատրաստակամությունը` շարունակելու աջակցության ծրագրերը մեր երկրին:
Կողմերը մտքեր են փոխանակել Եվրամիության Արևելյան գործընկերության տնտեսական ու ներդրումային պլանի շրջանակներում ՀՀ-ում իրականացվելիք ծրագրերի շուրջ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա իրավիճակին:
Հաջորդիվ տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը:
Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին։
Նիկոլ Փաշինյանի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հանդիպումը