ՀԱՀ-ի իշխանությունը հեղեղումների պատճառով տարերային աղետ է հայտարարել, կան զոհեր

ՀԱՀ, Պրետորիա. Արխիվային լուսանկար
Սպասվում է, որ վատ եղանակը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կտևի մինչև այս շաբաթվա վերջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի –Sputnik. Հարավաֆրիկյան Հանրապետության իշխանությունները տարերային աղետ են հայտարարել հորդառատ անձրևների հետևանքով առաջացած հեղեղումների պատճառով, դրանք հանգեցրել են առնվազն 12 մարդու մահվան: Տեղեկությունը հայտնել է ՀԱՀ կոոպերատիվ կառավարման և ավանդական գործերի նախարարությունը։
«Կառավարությունը տարերային աղետի ռեժիմ է հայտարարել, որ ակտիվ արձագանք ապահովի լայնածավալ ջրհեղեղներին», - նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Սպասվում է, որ վատ եղանակը կտևի մինչև շաբաթվա վերջ։ Երկրի արևելյան, հյուսիսային և հարավային շրջանները ենթարկվել են տարերքի ազդեցությանը, այն Հարավաֆրիկյան ինը նահանգներից չորսում մարդկանց կյանք է խլել: Ընդհանուր առմամբ առնվազն 12 մարդ է զոհվել։
Տուժել է հայտնի Կրյուգերի ազգային պարկը, որը գտնվում է Մոզամբիկի հետ սահմանին։ Այն զբոսաշրջիկների ներգրավման կենտրոն է և Հարավային Աֆրիկայի ամենամեծ արգելոցը:
Հաղորդվում է, որ որոշ շրջաններում մեկ օրում ավելի քան 20 սանտիմետր տեղումներ են գրանցվել: Հեղեղվել են տները, ջրի հոսանքները քշել-տարել են ավտոմեքենաներ։ Տուժել են ճանապարհները, կամուրջները և 1 հիվանդանոց։