Չավուշօղլուն Աթենքի հետ տարաձայնությունները երկխոսության միջոցով վերացնելու հույս ունի

Մևլյութ Չավուշօղլու
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ 1999 թվականին Թուրքիայում և Հունաստանում մեկ ամսվա տարբերությամբ տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ երկու երկրներն էլ օգնության ձեռք են մեկնել միմյանց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասին շնորհակալություն է հայտնել երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքների վերացմանն ուղղված օգնության համար՝ հույս հայտնելով, որ երկկողմ տարաձայնությունները կվերանան երկխոսության միջոցով։
Դենդիասն այսօր այցելել է Հաթայ նահանգ՝ Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի գոտի։
Թուրքիայի արտգործնախարարը հիշեցրել է, որ 1999 թվականին Թուրքիայում և Հունաստանում մեկ ամսվա տարբերությամբ տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ երկու երկրներն էլ օգնության ձեռք են մեկնել միմյանց։
«Հուսով եմ, որ մենք ջանքեր կգործադրենք երկխոսության միջոցով տարաձայնությունները կարգավորելու համար։ Շնորհակալություն եմ հայտնում իմ ընկեր Նիկաս Դենդիասին, Հունաստանի կառավարությանը և ողջ հույն ժողովրդին՝ այս դժվարին ժամանակներում նրանց աջակցության համար»,-ասել է Չավուշօղլուն։
Հիշեցնենք՝ փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Թուրքիայում երկրաշարժի զոհ դարձածների թիվը հասել է 24 617-ի, ավելի քան 80 000 տուժած կա: