Պետական եկամուտների կոմիտեում 2022 թվականին իրականացվել է 73 ծառայողական քննություն, որոնց արդյունքներով ՊԵԿ հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի կողմից 89 ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության, այդ թվում 5 աշխատակից ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ դրանից բացի 2022թ-ի ընթացքում 34 մաքսային ծառայող ենթարկվել է տարբեր կարգապահական տույժերի, այդ թվում 3 մաքսային ծառայող ծառայողական քննության արդյունքում ազատվել է ծառայությունից։
2022թ-ին իրականացվել է նոր ձևավորվող Երևանի սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչության մաքսային ծառայողի ընդունելության դիմորդների, ինչպես նաև գործող մաքսային ծառայողների բարեվարքության ստուգում։
«Ուսումնասիրության է ենթարկվել 704 անձ, որից գործող մաքսային ծառայողները եղել են 132-ը, այլ դիմորդները՝ 572-ը։ Արդյունքում դրական եզրակացություն է ստացել 260 անձ, այդ թվում՝ գործող մաքսային ծառայողներից 83 անձ և այլ դիմորդներից՝ 173-ը։ 49 մաքսային ծառայող բարեվարքության ուսումնասիրության արդյունքում ազատվել է մաքսային ծառայությունից»,–նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախաձեռնությամբ Հարավային մաքսատուն-վարչության, ինչպես նաև Արևելյան մաքսատուն-վարչության համագործակցության արդյունքում բացահայտվել են մաքսային ծառայողների կողմից մաքսային ծառայողի վարքագծի կանոնների խախտման և ծառայողական պարտականությունների ոչ պատշաճ կատարման երևույթներ։ Բոլոր դեպքերի հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ ՊԵԿ նախագահի հրամանով իրականացվում է ծառայողական քննություն։