ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ԱԳՆ թեժ գիծ է բացել այսօր Սիրիայում և Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ տեղեկություն ստանալու, ինչպես նաև օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գործում է Ֆիքսված հեռախոսահամար՝ +374 60 620 111 և բջջային հեռախոսահամար+374 55 620 111։ Վերջին հեռախոսահամարով կարելի է կապ հաստատել նաև WhatsApp և Viber հավելվածներով։ Էլ-փոստի հացեն է` hotline@mfa.am
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 05.17–ին Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Թուրքական իշխանությունները հայտնել են 1014 զոհի ու 5385 վիրավորի մասին։ Բացի այդ, Սիրիայի մի քանի շրջաններում նույնպես ավերածություններ են եղել, որոնք խլել են 400-ից ավելի մարդու կյանք, տուժել է 639-ը։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում։
Երկրաշարժի հետևանքով Սիրիայի Հալեպ քաղաքում 4 հայ է զոհվել` մայր ու որդի, ևս 2 հայ էլ` ամուսիններ, մահացել են Թուրքիայի Մալաթիա քաղաքում։
Հավելենք, որ այսօր, Երևանի ժամանակով 14։24–ին և 14։36–ին, Թուրքիայում ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։