ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ներում է շնորհել տասնյակ հազարավոր բանտարկյալների, այդ թվում՝ հակակառավարական ցույցերին մասնակցելու համար ազատազրկման դատապարտվածների։ Տեղեկությունը հաղորդում է IRNA-ն:
Նշվում է, որ որոշումն ընդունվել է Իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ։
«Խամենեին համաձայնել է դատական իշխանության ղեկավար Գոլեմ Հոսեյն Մոհսենի Էջեյի առաջարկին՝ ներում շնորհել կամ մեղմացնել տասնյակ հազարավոր մեղադրյալների դատավճիռը, որոնք ձերբակալվել են երկրում վերջին իրադարձությունների ժամանակ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ համաներումը չի տարածվում սպանության, ինչպես նաև պետական գույքի ոչնչացման, վնասման կամ հրկիզման համար դատապարտվածների վրա:
Բացի այդ, ներման ենթակա չեն լրտեսության և օտարերկրյա հատուկ ծառայությունների համար աշխատելու մեջ մեղադրվողները։
Հիշեցնենք` Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր էին տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Ցուցարարներն իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։
Բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ–ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։
Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը` Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Իրանի իշխանությունները ցուցարարներին աջակցելու համար մեղադրում են Արևմուտքի երկրներին, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: