«Մալաթիա» տոնավաճառի դարպասներն այսօրվանից փակ են: Առևտրականները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջում են ժամանակ տալ, որպեսզի իրենց տնօրենը առկա 5 խախտումը վերացնի:
«Թող թողնեն աշխատենք, ով ա իմ կամ մյուսի փոխարեն աշխատելու, փող տալու, որ մեր ընտանիքներին պահենք: Ուրիշ տեղ չեն տալիս, բա մենք ոնց անենք: Ուսանողներ ունենք, վարձն ինչպես ենք տալու: Մենք ստեղից չենք գնալու, սա մեր երկիրն ա»,- ասաց աշխատակիցներից մեկը:
Մեկ այլ առևտրական էլ նշեց, որ պահանջում են կառավարության հետ հանդիպում:
«Այն ժամանակ գալիս էին, խոստումներ էին տալիս: Բաբաջանյան, Մարուքյան, Փաշինյան, բա ինչի հիմա չեք գալիս: Էկեք, տեսեք` ինչ ա կատարվում»,- նշեց նա:
Աշխատակիցների բողոքին միացավ նաև «Մալաթիա» տոնավաճառի տնօրեն Սամվել Ավետիսյանը:
«Երեկ երեկոյան տեսչական մարմինն այստեղ է եղել, նորից ամեն ինչ նայել են, հիմա պետք է պայմանավորվենք, թե ինչ պետք է արվի: Որպեսզի գաղտնի ոչ մի խոսակցություն չունենանք 10 հոգի ընտրեք, թող մեզ հետ ներս գան»,-ասաց տնօրենը: Նա նաև լրագրողներին ներս հրավիրեց` հայտարարելով, թե գաղտնի բան չպետք է լինի:
Տոնավաճառի տարածքում մեծ թվով ոստիկանական ուժեր են տեղակայված:
Նշենք, որ երեկ Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Ելենա Զոհրաբյանը հայտնեց, որ փետրվարի 1–ին, «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը կդադարեցվի։ Եթե խոչընդոտներ լինեն, ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը կդիմի գործընկեր ուժային կառույցների օժանդակությանը` գործընթացն ապահովելու համար։
Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմինը որոշել է «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը փետրվարի 1-ից կասեցնել, քանի որ տնտեսվարողը արձանագրված 17 խախտումից մի քանիսը չի վերացրել։