Լոռու մարզում պայթել է ինքնաշեն գազի կաթսա․ կա տուժած, վիճակը ծանր է

Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Լոռու մարզի Արջուտ բնակավայրում պայթել է ինքնաշեն գազի կաթսա․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ՓԾ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 22-ին, ժամը 20:22-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ կայարանի 35-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել ջեռուցման համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ տեղի է ունեցել ինքնաշեն գազի կաթսայի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման։
Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը
Փրկարարներն Ա․Մ․-ին (ծնված 1971 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր։
Փրկարարները փակել են գազօջախի և ջեռուցման կաթսայի փականները։