ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգության հետևանքով զոհվել են զինծառայողներ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Արարատի և Արմավիրի մարզերից։ Արագածոտնի մարզում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով ինժիներասակրավորական վաշտում հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան դեպքին, տեղեկանում ենք Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։
Ի դեպ, Փաշինյանն Արագածոտնում է, քանի որ այսօր այնտեղ տրվել է պարեկային ծառայության Արագածոտնի մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը:
«Զոհվել են ՀՀ զավակները, մեր զավակները, մեր սիրասունները։ Տեղի ունեցած դեպքերի արձագանքներից որոշներն ի ցույց են դնում, որ մենք կարիք ունենք բացի մակերեսին գտնվող փաստերից, պրոբլեմներն իրենց էության մեջ։ Պրոբլեմներն իրականում ոչ թե մակերեսին երևացողներն են, քանի որ դրանք ԴՆԹ մակարդակի պրոբլեմներ են, և դրանք ծագում են կարկատանի տրամաբանությունից դուրս գալու բավարար կամքի բացակայության պատճառով»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` պարեկային ոստիկանությունը կարկատանի հոգեբանությունը հաղթահարելու ամենավառ դրսևորումներից է։ Փաշինյանը հավելեց, որ պետք է պարեկային ծառայության և, ընդհանրապես, ամեն նոր կառույցի հետ բերեն նոր մտածողություն:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։