Պապիկյանը դեպքի վայր է այցելել հրդեհից հետո 3–րդ օրը. նրան մանրամասներ են հայտնել

Սուրեն Պապիկյանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված ողբերգական հրդեհի տարածք։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
ՀՀ պաշտպանության նախարարն ու բարձրաստիճան սպաներ այցելել են Գեղարքունիքի մարզ
Նշվում է, որ Պապիկյանը 2-րդ բանակային զորամիավորում է այցելել ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ։
«ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը պաշտպանության նախարարին է ներկայացրել դեպքի առնչությամբ որոշ մանրամասներ: Պապիկյանը վստահություն է հայտնել, որ նախաձեռնված վարույթի ընթացքում բոլորը հարցերը և դեպքի հանգամանքները լիարժեք կպարզվեն: Նախարարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել հրդեհային անվտանգության պահպանման կանոնները՝ նմանօրինակ դեպքերն իսպառ բացառելու համար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պապիկյանը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին:
Պապիկյանը բանակային զորամիավորման հրամանատարական կազմին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Գարեգին Պողոսյանին
Նախարարն այցելել է նաև մոդուլային զորանոցների կառուցման շինհրապարակներ, տվել հանձնարարականներ՝ զորանոցների կառուցման աշխատանքները պատշաճ և նախանշված ժամկետներում իրականացնելու վերաբերյալ:
Հիշեցնենք` հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։