ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Ռոստոմ Ասրյանը, որն այսօր մահացել է Գեղարքունիքի մարզի զորամասի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով, բազմանդամ ընտանիքի ավագ զավակն էր։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Լոռու մարզի Հոբարձի համայնքի վարչական ղեկավար Կարեն Լալազարյանը:
«Ռոստոմը 1 տարի 1 ամսվա զինծառայող էր, ուներ անչափահաս դպրոցահասակ 2 քույր և մի փոքրիկ եղբայր, որն էլ մանկապարտեզ է հաճախում։ Ռոստոմն ապրում էր ծնողների հետ, իսկ վերջիններս գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Խելոք, համեստ ընտանիք են»,–ասաց Լալազարյանը։
Ռոստոմ Ասրյանը դպրոցն ավարտելուց հետո Ստեփանավանի գյուղատնտեսական քոլեջ էր ընդունվել, սակայն ուսումը կիսատ էր մնացել, քանի որ բանակ էր զորակոչվել։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել, 3–ը տեղափոխվել են Երևան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Երկուսի վիճակը ծանր է։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։