ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր և Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար Ալի-Ռեզա Աքբարին մահապատժի է դատապարտվել բրիտանական հատուկ ծառայությունների օգտին լրտեսելու համար: Ինչպես հայտնում է «Tasnim» գործակալությունը, այդ մասին ասվում է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հայտարարության մեջ, ։
«Բացահայտվել է բրիտանական հետախուզական ծառայության ամենակարևոր գործակալներից մեկը։ Նա ձերբակալվել է երկարատև և բազմաստիճան հակահետախուզական գործողությունից հետո։ Բրիտանական ծառայությունների այդ լրտեսը Ալի-Ռեզա Աքբարին է,-նշվում է փաստաթղթում։
Իրանական հետախուզությունը նշում է, որ Աքբարին հասանելիություն է ունեցել Իրանի որոշ գաղտնի տվյալներին, դրանք, ինչպես նաև Իրանում ձեռք բերված այլ տեղեկություններ նա բազմիցս փոխանցել է բրիտանական հատուկ ծառայություններին:
«Մեղադրյալի նկատմամբ քրեական գործ հարուցելուց և մեղադրական եզրակացություն կայացնելուց հետո գործն ուղարկվել է դատարան, և լսումներն անցկացվել են մեղադրյալի փաստաբանի ներկայությամբ։ Գործում առկա վկայությունների հիման վրա տվյալ անձը դատապարտվել է մահապատժի Անգլիայի օգտին լրտեսություն կատարելու համար»,-ասված է հայտարարության մեջ։
Աքբարիի հավաքագրումը սկսվել է այն ժամանակ, երբ նա վիզա է ստացել Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատանը: Նախարարության տվյալով՝ նա անգլիական դեսպանատանը «զրույց» է ունեցել հետախուզական ծառայությունների գործակալների հետ, ինչից հետո Եվրոպա կատարած անձնական ուղևորությունների ժամանակ դարձել է բրիտանական հետախուզական ծառայության լիիրավ աշխատակից: