«Դիլիջան ազգային պարկի» տնօրենը 2 մլն դրամի վնաս է պատճառել պետությանը. մանրամասներ

«Դիլիջան ազգային պարկ». Արխիվային լուսանկար
«Դիլիջան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարն ազատվել է աշխատանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի – Sputnik. Պարզվել են «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարի կողմից պաշտոնեական անփութության հետևանքով պետությանն անզգուշությամբ ավելի քան 2մլն դրամի վնաս պատճառելու դեպքի հանգամանքները, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հրդեհ է բռնկվել «Դիլիջանի ազգային պարկի» տարածքում
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենի պաշտոնակատարը «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի պահպանության պատասխանատվությունը ժամանակավորապես նույն կազմակերպության տեսուչին հանձնելու նպատակով իր հրամանով ստեղծել է հանձնաժողով։ Նա հաստատել է հանձնում-ընդունումը, որի ընթացքում նշված մասնաճյուղի պահաբաժիններից մեկի անտառապահն անաշխատունակ է եղել, բայց նրա պարտականությունների կատարումն այլ անձի չի հանձնարարել։ Արդյունքում 2021թ. դեկտեմբերից մինչև 2022թ. հունվար ընկած ժամանակահատվածում առանց պահպանության մնացած նշված պահաբաժնից ապօրինի հատվել է 32 հատ տարբեր տեսակի թաց, կանգուն ծառ և տեղափոխել փայտանյութը՝ պետությանը պատճառելով 2 մլն դրամից ավել վնաս:
«Քննությամբ ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական անփութության համար։ Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ գործով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: