ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի անձնակազմը և ռեկտորը տարակուսած են ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից։ Տեղեկությունը հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը։ Համալսարանի անձնակազմի համար անհասկանալի է, թե ինչ քրեական գործեր են հարուցվել ռեկտորի ընտրության օրվա հետ կապված:
Այսօր դատախազությունը հայտնել էր, որ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ 2 քրեական գործ է հարուցվել։
«Մեզ համար անհասկանալի է, թե ինչ վարույթների մասին է խոսքը: Իրավիճակի վերաբերյալ այս պահին այլ մեկնաբանություններ չունենք»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 9–ին Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի ընտրություն. գործող ռեկտոր Կարինե Հարությունյանը վերընտրվեց։ Ընտրությանը մասնակցում էին 2 թեկնածու` Կարինե Հարությունյանը և Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը:
Հավելենք` դեկտեմբերի 22–ին հայտնի դարձավ, որ Պետական վերահսկողության ծառայությունը Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում մի շարք խախտումներ է հայտնաբերել և տեղեկանքներ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն հետագա ընթացքն ապահովելու համար։ Մասնավորապես, ըստ ՊՎԾ–ի, բուհի ռեկտոր Կարինե Հարությունյանն ինքն իրեն հատկացրել էր 5,44 մլն դրամի չափով պարգևատրում և լրավճար։