Սերժ Սարգսյանին և նրա 2 աղջիկներին հրավիրել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան

Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը չներկայանա դատարան, միևնույն է`դատական նիստը կկայանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և երկու աղջիկները` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակից։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,–ասված է ծանուցման մեջ։
Նշվում է նաև, որ անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար։
Պաշտոնական հայտարարությունների հրապարակման azdarar.am հարթակից տեղեկանում ենք նաև, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում Սերժ Սարգսյանի եղբոր` Լյովա Սարգսյանի որդին` Նարեկ Սարգսյանը և նրա կինը` Աննա Արամի Նիկոյանը նույնպես հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 11:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,– ասված է ծանուցման մեջ։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն արդեն անցնում է նաև մեկ այլ քրգործով։
Ըստ ՀՀ երրորդ նախագահին առաջադրված մեղադրանքի` իր կազմակերպմամբ և «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ 2013 թ–ի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15 391 765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489 160 310 դրամ:
Երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։
Նշենք, որ գործով ամբաստանյալ էին նաև գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը։ Երկուսն էլ մահացել են կորոնավիրուսից։ Դատարանի որոշմամբ` նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։