ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտնել է, որ բրիտանական կառավարությունն ավելի շատ ժամանակ կհատկացնի Իրանի «ապակայունացնող» գործողությունների դեմ պայքարին։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Քանի դեռ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակում են մնալ մեր գլխավոր արտաքին քաղաքական դժվարությունը, ես ավելի ու ավելի եմ մտահոգված Իրանի պահվածքով՝ քաղաքացիների նկատմամբ պահվածքը, տարածաշրջանն ապակայունացնող գործողությունները և միջուկային ծրագիրը։ Այդ պատճառով կարծում եմ` դա այն է, ինչի վրա մենք ստիպված կլինենք ավելի շատ ժամանակ ծախսել», - ասել է Սունակը՝ պատասխանելով խորհրդարանական համակարգող կոմիտեում իր աշխատանքի մասին պատգամավորների հարցերին։
Վարչապետը միաժամանակ նշել է, որ Չինաստանը նախկինի պես համակարգային մարտահրավեր է Մեծ Բրիտանիայի համար։
Հիշեցնենք` Իրանում սեպտեմբերի կեսերից զանգվածային անկարգություններ և բողոքի ցույցեր են տեղի ունենում 22-ամյա Մահսա Ամինիի մահվան կապակցությամբ: Երկրի բնակիչները իշխանություններին են մեղադրում Մահսայի մահվան մեջ։
Բողոքի ցույցերը արմատական-ծայրահեղական բնույթ են ստացել։ Անկարգությունների մասնակիցները հարձակումներ են գործել հոգևորականների, իրանական մզկիթների վանահայրերի, անվտանգության ուժերի՝ ոստիկանության, ԻՀՊԿ–ի (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս), ինչպես նաև ռազմական խոշոր կառույցներից մեկի՝ Բասիջի անդամների վրա։ Հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին Իրանում ևս երկու ահաբեկչություն է տեղի ունեցել՝ առաջինը` Շիրազ քաղաքում, երկրորդը ՝ Խուզեստան նահանգի փոքրիկ քաղաքում, որը գտնվում է երկրի հարավում: Ահաբեկիչները կրակ են բացել մի խումբ քաղաքացիական անձանց և ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ։
Իրանի իշխանությունները Արևմուտքի երկրներին մեղադրում են ցուցարարներին աջակցելու մեջ, որոնք իրենց ԶԼՄ-ներում տարածում են հակաիրանական բնույթի հաղորդագրություններ, ինչպես նաև կոչ են անում երկրի բնակչությանը տապալել իշխանությունը: