Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը

Վահե Նիկոյանը փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար վճարել է ավելի քան 3 մլրդ դրամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ձերբակալվել է, միջնորդություն է ներկայացվել նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` բավարար փաստեր են ձեռք բերվել այն մասին, որ Նիկոյանն իր պաշտոնավարման տարիներին չարաշահել է պաշտոնեական դիրքը։ Արդյունքում մայրաքաղաքում տարիներ շարունակ փաստացի չկատարված աղբահանության աշխատանքների և չմատուցված սանիտարական մաքրման ծառայությունների համար «Սանիթեք» ընկերությանը, ինչպես նաև դրա հետ փոխկապակցված ընկերություններին անհիմն վճարվել է ավելի քան 3 մլրդ դրամ։
«Քննությամբ պարզվել է, որ վերը նշված ընկերությունների հետ պայմանագրերը կնքելուց հետո՝ 2015 և 2016 թվականներին, «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանի հոր միջև կնքվել են վարձակալության պայմանագրեր՝ իրեն պատկանող երեք տարածքները (Երևան քաղաքում գտնվող) ամսական 1000-6000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով վարձակալությամբ տրամադրելու մասին»,– ասված է հաղորդագրությունում:
Կոմիտեից հայտնում են նաև, որ Վահե Նիկոյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, չի կատարել ծառայողական պարտականությունները և հսկողություն չի իրականացրել նշված ընկերությունների կողմից աշխատանքների իրականացման նկատմամբ:
Արդյունքում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայություններ մատուցելու համար չեն նախատեսվել բավարար քանակի և չափի տրանսպորտային միջոցներ ու աղբամաններ, եղած աղբատար ավտոմեքենաներն էլ աշխատել են գերծանրաբեռնված, ինչը ժամանակի ընթացքում հանգեցրել է աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների որակի անկման:
«Սանիթեքն» ընդդեմ Երևանի քաղաքապետարանի. դիմում են միջազգային արբիտրաժային դատարան
Նկատի ունենալով, որ առկա են հանցանքի կատարումը վկայող փաստեր, վարույթն իրականացնող քննիչն այսօր` 2022 թվականի դեկտեմբերի 6-ին, նախկին փոխքաղաքապետի նկատմամբ հանրային քրեական հետապնդման միջնորդություն է ներկայացրել հսկող դատախազին:
Միջնորդությունը բավարարվել է, Վահե Նիկոյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար նրան ձերբակալել են: