Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը սպասում է, որ ԿԸՀ–ն պաշտոնապես ամրագրի պատգամավորների մանդատներից հրաժարվելը։ Sputnik Արմենիայի «Աբովյան Time»–ի եթերում նա պատասխանել է պատգամավորական մանդատը վերցնելու հարցին։
«Քանի որ դեռ պաշտոնական ԿԸՀ–ն չի ֆիքսել նախորդ պատգամավորների հրաժարվելը և չի հայտարարել, որ ես մանդատը ընտրելու կամ դրանից հրաժարվելու իրավունք ունեմ, ձեռնպահ կմնամ որևէ հայտարարությունից»,–ասաց նա` խոստանալով հետագայում այս թեմայով հանդես գալ հայտարարությամբ։
Իսկ ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու ցանկությունը, Մելքոնյանի խոսքով, պայմանավորված է եղել օրհասական վիճակում գտնվող երկրին մասնագիտական գիտելիքներով օգտակար լինելու հանգամանքով։
«Այստեղ որև պաշտոնամոլության նշույլ անգամ չկա։ Արևելագետի համար կա երկու կարևոր առաջնահերթություն` հայրենիքն ու պետությունը։ Այն ամնենը, ինչ–որ առնչվում է պետության շահերին կամ առնչվում է պետությանը սպառնացող վտանգներին, մեր մասնագիտության ծիրում է գտնվում, և արևելագետը պետք է լինի այնտեղ, որտեղ իր հմտությունների կարիքը կա»,–ասաց թուրքագետը։
Նշենք, որ օրերս պատգամավորական մանդատից հրաժարվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, իսկ այսօր հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է դադարեցնում գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում. կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանն արդեն դիմում են ներկայացրել մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:
Ըստ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի` մանդատից հրաժարված պատգամավորներից մեկին պետք է փոխարինի Ռուբեն Մելքոնյանը։