«Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում միջազգային առաքանու միջից 2400 գրամ (2.4 կգ) մարիխուանա է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեն։
Առաքանին ԱՄՆ–ից ուղարկել են «Գլոբալ Շիփինգ» ՍՊ ընկերության` «Գլոբինգի» միջոցով։ Նույն օրը հիշյալ մաքսանենգության դեպքով անցկացվել են հետախուզական միջոցառումներ, և պարզվել է, որ առաքանին ստացողը ՀՀ քաղաքացի Զ․Թ․-ն է։
Բայց ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել առաքանին փաստացի ստացած ՀՀ քաղաքացի Վ․Հ․-ն:
Նրա նկատմամբ կատարվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկություն, այնուհետև վերջինս տեղափոխվել է ՊԵԿ քննչական վարչություն:
ՊԵԿ քննչական վարչությունում քրեական վարույթ է նախաձեռնվել թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության հատկանիշներով։