Զասը հեռանում է. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի Ղազախստանի ներկայացուցիչը

Տասմագամբետովը 2017-2019 թվականներին եղել է Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի – Sputnik. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասին 2023թ–ից կփոխարինի Ռուսաստանում Ղազախստանի նախկին դեսպան Իմանգալի Տասմագամբետովը։
Այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` շնորհակալություն հայտնելով Ստանիսլավ Զասին կատարած աշխատանքի համար։
«Ստանիսլավ Զասն ավարտում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի եռամյա գործունեությունը, ուզում եմ շնորհակալություն հայտնել նրան կատարած աշխատանքի համար»,- ասաց Փաշինյանը։
Հիշեցնենք` Տասմագամբետովը Ռուսաստանի Դաշնությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է եղել 2017-2019 թվականներին։
Ներկայում նա ռուսական ավտոմոբիլային կորպորացիայի «ԿամԱԶ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի անդամ է:
Մինչ այդ տարբեր տարիներին զբաղեցրել է Ղազախստանի վարչապետի, Աստանայի և Ալմաթիի քաղաքապետների պաշտոնները։
Նշենք, որ այսօր Երևանում ՀԱՊԿ գագաթնաժողով է անցկացվում։ Կազմակերպության անդամ երկրների նախագահներն արդեն Հայաստանում են։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում