ԵԱՏՄ պայմանագիրը բավականին լղոզված է և կան որոշակի խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց տնտեսագետ Աշոտ Թավադյանը։
Նրա խոսքով` ԵԱՏՄ պայմանագրում առաջնահերթ խնդիրները, որոնք լուծման կարիք ունեն, գնաճի կարգավորումներն ու կոռուպցիայի դեմ պայքարն են։ Օրինակ` կոռուպցիայի հետ կապված կարգավորումներ չունենալու պատճառով ապրանքը ԵԱՏՄ շուկայում կարող է 10 տոկոս թանկ վաճառվել, քանի որ «կոռուպցիան կուլ է տալիս»։
Տնտեսագետը խնդիրներից զատ նշում է` ԵԱՏՄ անդամ դառնալուց հետո արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 300 մլն դոլարից հասել է 1 միլիարդի։
Ըստ նրա` անհիմն են այն պնդումները, թե քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի Ռուսաստանի Դաշնության հետ, չպետք է ԵԱՏՄ անդամ լինի։
«Մենք պատրաստ ենք ինտեգրվել այն երկրի հետ (դա կարող է վաղը լինել Հնդկաստանը), որը սպառում է մեր պատրաստի արտադրանքը և մեզ տալիս է էժան էներգառեսուրսներ։ Դա այժմ անում է ՌԴ–ն։ Մենք առաջին հերթին պետք է հայամետ լինենք և պաշտպանենք մեր շահերը։ Պետք է հստակ գնահատել մշտական տնտեսական շահերը»,–ասում է նա։
Տնտեսագետի խոսքով` քանի որ Հայաստանի պատրաստի արտադրանքը արտահանվում է դեպի ՌԴ, պետք է համատեղ աշխատանքներ իրականցվեն և Հայաստանի կողմից ակտիվություն ցուցաբերվի, լուծվեն բոլոր առկա խնդիրները, որպեսզի ՀՀ–ն չկորցնի ԵԱՏՄ պոտենցիալից օգտվելու հնարավորությունը։
Ինչ վերաբերում է ներկրմանը, Թավադյանը հիշեցնում է, որ Հայաստանը Էներգակիրները հիմնական ստանում է ՌԴ–ից, 1000 խորանարդ մետրի համար 165 դոլարով։
«Եվրոպայում գազն արդեն գնում են ՌԴ–ից 2000 դոլարով։ Եթե դա հասնի մեր շուկայական հարաբերություններին, մեզ արդեն ոչ մի վերաֆինանսավորման տոկոսադրույք չի օգնի, և գնաճը կդառնա ուղղակի սարսափելի»,–ասաց տնտեսագետը։
Նշենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ–ում 2023–ի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտնել էր, որ 2022 թվականի հունվար–օգոստոս ամիսներին Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանումը կազմել է 1. 1 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է երկու անգամով։