ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել Հացի գյուղի դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը։
«Նոյեմբերի 18-ին` ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել այն մասին, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ»–ասվում է հաղորդագրության մեջ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով աշխատանքները դադարեցվել են։
Վնասվել է տրակտորի անվաթևը և անվասկավառակը։ Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Նշվում է, որ ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում նյութեր են նախապատրաստվում ռուսական խաղաղապահ զորակազմին ներկայացնելու համար։