Արցախի նախագահը հարցաքննվել է. հայտնի է` ինչ քրեական վարույթի շրջանակում

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով`Արցախում քրեական վարույթով առերեսումների շարք է իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրեական վարույթով հարցաքննվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդը»։
Օրաթերթի տեղեկություններով` Արցախից ՊԲ գեներալներ են եկել Երևան ու հանդիպել ուժային կառույցների ղեկավարներին, քննարկել այն հարցը, որ Արզումանյանին պետք է բաց թողնել, քանի որ արդար չէ, որ միայն նա է կալանքի տակ:
«Քրեական վարույթով առերեսումների շարքը շարունակվում է: Նախաքննական մարմինը Արցախի ՊԲ հրամանատարների և այլ անձանց է հրավիրում հարցաքննության, առերեսում Միքայել Արզումանյանի հետ: Նկատենք, որ սովորաբար առերեսումներ են իրականացվում այն ժամանակ, երբ քրեական վարույթով հակասություններ են առաջանում գործով անցնող անձանց ցուցմունքներում»,– հայտնում է «Ժողովուրդը»:
Հիշեցնենք` 2022թ–ի սեպտեմբերի 1-ին դատախազությունը հայտարարեց, որ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է ներկայացվել 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող «Արեգա» բարձունքը և հարակից մարտական դիրքերն ազատագրած անձնակազմին «նահանջ» հրաման տալու համար։
Արզումանյանը կալանավորվել էր սեպտեմբերի 1-ին եւ մինչ օրս գտնվում է կալանքի տակ:
Մինչ Արզումանյանին մեղադրանք առաջադրելը վկայի կարգավիճակով հարցաքննվել է նաև ԱԺ պատգամավոր, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը»: