Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը

Սուրեն Պապիկյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ղեկավար, Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարեկ Շչիգիելին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:
Պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:
Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Նշենք, որ այսօր Մարեկ Շչիգիելին և Անդրեա Վիկտորինին ընդունել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Փաշինյանը բացատրեց, թե ինչու է արևմտյան դիտորդներ հրավիրել Հայաստան
Հիշեցնենք` քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման որոշումն ընդունվել էր հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյան–Էմանուել Մակրոն–Շառլ Միշել–Իլհամ Ալիև քառակողմ հանդիպման ժամանակ։
ԵՄ դիտորդների առաքելությունը նախատեսված է երկու ամսվա համար։ Աշխատանքի նպատակը տարածաշրջանում անվտանգության և կայունության վերականգնմանը, վստահության ձևավորմանն ու սահմանին դելիմիտացիայի և անվտանգության հանձնաժողովի աշխատանքին նպաստելն է։