Կալանավորվել է զինծառայողին գերությունից «ազատելու» համար 5 մլն դրամ պահանջած քաղաքացին

ԱԱԾ
Բ.Պ.-ն ձերբակալվել է գումարի մի մասը՝ 1 մլն 200 հազար դրամը, ստանալուց անմիջապես հետո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի – Sputnik. Գյումրու բնակիչը, որը զինծառայողին գերությունից «ազատելու» համար 5 մլն դրամ էր պահանջել, կալանավորվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
ԱԱԾ-ն հոկտեմբերի 12-ին տեղեկացրել էր, որ Գյումրու բնակիչ Բ.Պ.-ն անհետ կորած զինծառայողի հարազատից խոշոր չափով գումար է պահանջել, դրդել կաշառք տալ և խոստացել, որ նրա ազգականին Ադրբեջանից Հայաստան կվերադարձնի։

«Ազգային անվտանգության ծառայության աշխատակից ներկայացած Բ.Պ.-ն, հավաստիացնելով, որ նշված ծառայությունում իր՝ գեներալի կոչումով ծանոթի միջոցով կարող է համապատասխան գումարի դիմաց կարգավորել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակում գործելու արդյունքում գերեվարված ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը, ենթադրաբար գերեվարված Կ.Կ.-ի ազգական Խ.Գ.-ին դրդել է «գեներալին» փոխանցելու պատրվակով իրեն տալ 5 մլն դրամ կաշառք»,– ասված է դատախազության հաղորդագրությունում:

Այս մասին փաստական տվյալները ձեռք են բերվել 2022 թվականի հոկտեմբերի 5-ին՝ Խ.Գ.-ի հաղորդման հիման վրա։ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ և նույն օրն ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե:
2022 թվականի հոկտեմբերի 11-ին իրականացվել է «Կաշառք տալու նմանակում» գաղտնի քննչական գործողություն, որի ընթացքում Բ.Պ.-ն ձերբակալվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից՝ նշված գումարի մի մասը՝ 1 մլն 200 հազար դրամը, ստանալուց անմիջապես հետո:
2022 թվականի հոկտեմբերի 12-ին քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Բ.Պ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Բ.Պ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է:
Բ.Պ.-ի մեղավորությունը դատարանում ապացուցելու համար բավարար գնահատելով՝ հսկող դատախազի՝ 2022 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և ուղարկվել Հակակոռուպցիոն դատարան:
Անհետ կորած զինծառայողների հարազատներից 1.5 միլիոն դրամ շորթած տղամարդը կալանավորվել է