ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն դատարանում նոյեմբերի 1-ին` ժամը 15։00-ին, կկայանա Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, նրա ընտանիքի անդամների ու այլ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման գործով նախնական դատական նիստը։
Պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքում հրապարակված ծանուցման համաձայն` Սուրիկ Խաչատրյանը, նրա կինը` Լորետա Բարսեղյանը, որդիները` Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, կնոջ եղբայրը` Վարդան Բարսեղյանն ու քույրը` Լուսինե Բարսեղյանը, ինչպես նաև Մանվել Մալինցյանը, Էրիկ Համբարձումյանը, Նորայր Մնացականյանը հրավիրվել են դատական նիստին մասնակցելու որպես պատասխանողներ։
Ընդ որում` դատական օրենսգրքով դատարան չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նաև նրանց բացակայության պայմաններում։
Հիշեցնենք` դատախազության ավելի վաղ հրապարակած տեղեկատվության համաձայն` Սուրիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված անձանցից բռնագանձման է ենթակա ընդհանուր 19.1 մլրդ դրամի ապօրինի ծագման գույք և ակտիվներ։
Մասնավորապես` Երևան քաղաքում գտնվող 5 անշարժ գույք` առանձնատուն (երկու հասցեով), բնակարան, հասարակական նշանակության օբյեկտ, Գորիս քաղաքում գտնվող շինություն, 3 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է ավելի քան 1 մլրդ 530 մլն 135 հազար 900 ՀՀ դրամ։
Դատարանից պահանջում են նաև դադարեցնել նրա մասնակցության իրավունքը թվով 3 ընկերություններում, 614 մլն 544 հազար 139 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 2 մլրդ 410 մլն 63 հազար 523 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված ընդհանուր 4 մլրդ 450 մլն 350 հազար 364 ՀՀ դրամ փոխառությունների և այլ դեբիտորական պարտքերի պահանջի իրավունքը, ինչպես նաև օֆշորային կազմակերպությանը փոխանցված 10 մլրդ 098 մլն 300 հազար դրամ ներդրման գումարը: