Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների հանդեպ

Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Փարիզի քաղաքային խորհուրդն այսօր միաձայն ընդունել է բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
«Բանաձևով Փարիզը դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան՝ որակելով ադրբեջանական ագրեսիան որպես միջազգային իրավունքի և մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշված է նաև, որ Փարիզի քաղաքային խորհուրդը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։