Փաշինյանն ու Բլինկենը խոսել են ԼՂ-Ադրբեջան քննարկումների մեխանիզմ ստեղծելու մասին

Փաշինյանն իր տպավորություններն է կիսել նաև Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծման հարցը քննարկել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի աշխատակազմը` հավելելով, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինկենի հետ:
Նշվում է, որ կողմերն ընդգծել են ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ ինքնիշխան տարածքից դուրսբերման ու հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման անհրաժեշտությունը:
«Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանությանը, Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների համար միջազգային մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի ապահովմանը վերաբերող հարցերի: Փաշինյանն իր տպավորություններն է կիսել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցներն անդրադարձել են հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցած ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպայի խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքներին:
ԱՄՆ-ն այսուհետ ևս կաջակցի հայ ժողովրդի ինքնիշխանությանն ու անվտանգությանը. Բլինկեն
Բլինկենը հայտնել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ առաջիկայում ևս նպաստելու բանակցային գործընթացին: Փաշինյանն էլ իր հերթին բարձր է գնահատել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ԶՈւ–ի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկված ագրեսիայի հետևանքների վերացմանը միտված` ամերիկյան կողմի ջանքերը և կարևորել այդ ուղղությամբ հետևողական քայլերը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին Փաշինյանն ու Բլինկենը կրկին հեռախոսազրույց էին ունեցել։ ԱՄՆ պետքարտուղարը հավաստիացրել էր, որ անձամբ է զբաղվելու հայ–ադրբեջանական խաղաղ կարգավորման խնդրով։