Ճամբարակում ոստիկանին սպանել են վրեժից դրդված. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում

32-ամյա տղամարդը մտել է արագ սննդի կետ, հայհոյել և դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել Ճամբարակի բնակչին։
Sputnik
Ճամբարակ քաղաքի բնակիչ Սիփան Սարիբեկյանի սպանության շարժառիթը վրեժն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը տուժողի համաքաղաքացին է` 37 տարեկան։
«Տվյալներ են ձեռք բերվել, որ վերջինս 2022թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 18։30-ի սահմաններում, նկատելով, որ 32-ամյա տղամարդը Ճամբարակ քաղաքի Գետափնյա փողոցում գտնվող արագ սննդի կետում է, մուտք է գործել այնտեղ, հայհոյել նրան, որից հետո անձնական հարցերի շուրջ նախկինում ունեցած խնդիրների պատճառով, վրեժի շարժառիթով, իր մոտ գտնված դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ»,– ասված է հաղորդագրությունում։
Փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին` ժամը 19:20-ի սահմանում, ոստիկանությունը «Ճամբարակ» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացել, որ սուր կտրող-ծակող առարկայից ստացած բազմաթիվ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի:
Shamchyan.com-ը հայտնել էր, որ սպանվածը ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, կապիտան Սիփան Սարիբեկյանն է։