ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիայի արքան`Չարլզ Երրորդը, երկրի նոր միապետ հռչակվելուց հետո առաջին անգամ ելույթ է ունեցել խորհրդարանում։
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել խորհրդարանի անդամներին ցավակցության համար և հարգանքի տուրք մատուցել հանգուցյալ թագուհու` Եղիսաբեթ II հիշատակին։
Թագուհու միապետ դարձած որդին շեշտել է, որ Եղիսաբեթ II-ը դարձել է իր երկրին անձնուրաց ծառայության իրական օրինակ, և ինքն էլ վճռական է հետևելու այդ օրինակին։
Չարլզ Երրորդի ելույթից հետո Խորհրդարանում նվագախումբը հնչեցրել է «Աստված փրկիր թագավորին» օրհներգը։
Թագավորի ելույթից առաջ Համայնքների պալատի նախագահ Լինդսի Հոյլը և Լորդերի պալատի խոսնակ Ջոն Մաքֆոլը ընթերցել են Չարլզ III ուղղված խորհրդարանի կողմից հաստատված ցավակցական ուղերձը և հավատարմության երդում տվել նրան։
Թագավոր Չարլզ III ու Կամիլլան լսում են Լորդերի պալատի խոսնակ լորդ Մաքֆոլ Ալուիթի ելույթը Վեսթմինսթերյան դահլիճում
© AP Photo / Ben Stansall
Թագավոր Չարլզ III-ն ու նրա կինը` Կոնսորթ Կամիլան, նստել են դահլիճի կենտրոնում տեղադրված գահերի վրա: Նրանց թիկունքին թագավորական գվարդիայի ջենթլմենների պատվո կորպուսի անդամներն էին, որոնք պատասխանատու են միապետի պաշտպանության համար։
Արարողությանը ներկա են եղել պատգամավորներ և գործընկերներ։ Ներկա էին նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասը, նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը և լեյբորիստների առաջնորդ Քիր Սթարմերը:
Սեպտեմբերի 8-ին Բուքինգհեմյան պալատը հայտարարեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II մահվան մասին, ով երկիրը ղեկավարում էր ավելի քան 70 տարի։
Արքայազն Չարլզը դարձավ թագավոր, նրա կինը՝ Կամիլան, ստացավ թագավորի տիկնոջ կարգավիճակ։