Բացահայտվել են ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր. 2 անձ կալանավորվել է

ՊԵԿ աշխատակցի միջնորդությամբ քաղաքացուն հաջողվել է առանց մաքսատուրքի ՀՀ օծանելիք ներմուծել և ՀՀ–ից ծխախոտ արտահանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում բացահայտվել են ՀՀ օծանելիքի ներմուծման, ՀՀ-ից ծխախոտի արտահանման գործընթացում պատշաճ մաքսային հսկողություն չիրականացնելու և ապրանքները ՀՀ սահմանով անխոչընդոտ տեղափոխելու դիմաց պաշտոնատար անձ հանդիսացող ՊԵԿ աշխատակցին կաշառք տալու դեպքեր: Տեղեկությունը հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացի, անհատ ձեռնարկատեր Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքը մաքսային հսկողությունից թաքցնելու և օրենքով սահմանված մաքսավճարները չկատարելու հարցում իրեն աջակցելու համար դիմել է իր ծանոթ՝ ՀՀ ՊԵԿ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պաշտոնատար անձ Ա. Մ.-ին: Վերջինս համաձայնության է եկել ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության իրավասու պաշտոնատար անձի հետ, որն էլ, ընդունելով առաջարկը պահանջել է 151.608 ՀՀ դրամին համարժեք 300 եվրո կաշառք:
Նշված օծանելիքը կաշառք ստացած պաշտոնատար անձի միջամտության արդյունքում չի հայտարարագրվել:
Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ-ից 120 տուփ ծխախոտ անարգել արտահանելու հարցում կրկին դիմել է իր ծանոթ Ա. Մ.-ին: ՀՀ ՊԵԿ աշխատակիցն այս անգամ պահանջել և ստացել է 120.000 ՀՀ դրամ: Արդյունքում, Ա. Խ.-ն մեկնել է ՀՀ-ից՝ ուղեբեռում թաքցնելու եղանակով արտահանելով 120 տուփ ծխախոտ:
Բացի այդ, Ա. Խ.-ն ՀՀ ներմուծվող օծանելիքն ու հարդարման պարագաները մաքսային հսկողությունից թաքցնելու նպատակով նորից դիմել է վերը նշված անձանց: Այս անգամ ՊԵԿ աշխատակիցը նրանից պահանջել է 120.000 ՀՀ դրամ, ինչը, սակայն, վերջինս չի փոխանցել Ա. Մ.-ին, քանի որ օծանելիքն ու հարդարման պարագաները հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից։
Ա. Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձին կաշառք տալը), իսկ Ա. Մ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (Կաշառքի միջնորդությունը՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը):
Փորձել են ԵԱՏՄ անդամ պետությունից ցածր գնով ձեռնոցներ ու դիմակներ ներմուծել ՀՀ. ՊԵԿ
Ա. Խ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: