Երևանյան բնակարանից հեռավար տարբերակով բեռնափոխադրումներ են իրականացրել այլ երկրում. ՊԵԿ

Ապօրինի գրասենյակի աշխատակիցները փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորները կանխել են։
Sputnik
ՀՀ պետեկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Երևանի Պուշկինի փողոցի բնակարաններից մեկում մի խումբ անձինք հեռավար կերպով բեռնափոխադրումներ են իրականացնում այլ երկրի ներքին շուկայում, առանց ՀՀ–ում պետական գրանցման։ Տեղեկությունը հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։
Իրականացված միջոցառումների շրջանակում հետազոտվել է ապօրինի ձեռնարկատիրության հասցեն։ Պարզվել է, որ 3-սենյականոց, 50 քմ մակերեսով բնակարանում եղել է 20 համակարգչային կոմպլեկտ` 40 մոնիտորով, հեռախոսներ, սեղան–աթոռներ, որոնցից մի մասն օգտագործել են աշխատակիցները։
Բոլոր համակարգիչները միացված են եղել «Ռոստելեկոմի» ցանցին և գտնվել են աշխատանքային վիճակում:
Ապօրինի գրասենյակի աշխատակիցներից մի քանիսը փորձել են համակարգիչները դուրս բերել բնակարանից, սակայն օպերլիազորները կանխել են։
ՊԵԿ քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 281 հոդվածի հանցակազմի հատկանիշներով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն), որի շրջանակում խուզարկվել և առգրավել են գործի հանգամանքների համար կարևոր նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում` բոլոր համակարգիչները:
Հետաքննությունն է տարվում ապօրինի գործունեության կազմակերպիչների ամբողջ շրջանակը պարզելու, պետությանը պատճառված վնասի վերջնական չափը ճշտելու համար։
Չեն տուգանել. Երևանի բյուջեն զրկվել է 6 մլրդ 867 մլն դրամի եկամտից