Օգոստոսի 14–ին ստացված կեղծ ահազանգերի գործը կքննի ԱԱԾ–ն. դատախազություն

ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաև վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Երևանի մետրոպոլիտենում ու կարևոր նշանակության այլ օբյեկտներում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգերի փաստով նախաձեռնված քրեական վարույթը կփոխանցվի ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«ԱԱԾ քննչական դեպարտամենտ են փոխանցվելու նաև վերջին շրջանում ստացված նախկին մի քանի նման տեղեկությունների առթիվ նախաձեռնված վարույթները»,–գրել է Աբրահամյանը:
Նշենք, որ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի հատկանիշներով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը):
Հիշեցնենք` օգոստոսի 14-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել էր տեղեկություն մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական կարևոր օբյեկտներում, առևտրի կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր տեղադրված լինելու մասին։
Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում պարզվել էր, որ դրանք կեղծ են: Ժամը 21։30–ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը վերականգնվել է։