ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik․ ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանին երեկ երեկոյան մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հոր` Գրիշա Քոքոբելյանի առևանգման դեպքի փաստով: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Մանուկյանի փաստաբան Սերգեյ Ոսկանյանը:
Նրա խոսքով` Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 191 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, այն է` անձի առևանգումը, որը կատարվել է խմբի կողմից:
Հուլիսի 28-ին հայտնի դարձավ, որ կորել է ԱԺ նախկին պատգամավոր Քոքոբելյանի հայրը։ Նրա անհետացման դեպքի առիթով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մանուկյանի պաշտպանը հայտնեց, որ քննչական կոմիտեն դատարան միջնորդություն է ներկայացրել Սուրեն Մանուկյանին կալանավորելու համար և ամենայն հավանականությամբ նիստը տեղի կունենա այսօր:
«Այս պահին տեղեկություն չունենք, թե որ դատավորին գործը կմակագրվի»,–ասաց փաստաբանը։
Նշենք, որ Սուրեն Մանուկյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և, օգտվելով իր իրավունքից, առայժմ ցուցմունք չի տվել:
Հիշեցնենք, որ հոր անհետացումից օրեր անց` օգոստոսի 2–ին, Խաչատուր Քոքոբելյանը հայտնեց, որ հայրը ողջ և առողջ գտնվել է և շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին։
Օգոստոսի 11–ին, սակայն, Քոքոբելյանը տեղեկացրեց, որ իր հոր առևանգման գործով ձերբակալվել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանը։