ՌԱԴԻՈ

Պետք է խստացնել անվտանգության կանոնները. Գրիգորյանը՝ մարզադաշտում միջադեպերի մասին

«Փյունիկ»–«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը. Արխիվային լուսանկար
«Արարատ-2» ակումբի գլխավոր մարզիչ, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզչական շտաբի նախկին անդամ Ռազմիկ Գրիգորյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է «Հանրապետական» մարզադաշտում գրանցված միջադեպերին։
Sputnik

Բոլորս դեմ ենք, որ մեր հայրենիքի տարածքից անգամ մեկ մետր զիջվի թշնամուն, բայց քաղաքական ակցիաները մարզադաշտում ֆուտբոլային խաղի ընթացքում անցկացնելը ճիշտ չէ, դրա համար կան այլ հարթակներ։ Այսպես է կարծում «Արարատ-2» ակումբի գլխավոր մարզիչ Ռազմիկ Գրիգորյանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսելով «Հանրապետական» մարզադաշտում վերջերս գրանցված դեպքերի մասին, Գրիգորյան ընդգծում է, որ տարաբնույթ միջադեպեր, ծեծկռտուք հրահրելիս մարզասերները պետք է հասկանան, որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ մարզադաշտի և մեր ակումբների համար։ Դրանց արդյունքում Հայաստանում առկա եվրոպական բարձր չափանիշներին համապատասխանող միակ՝ «Հանրապետական» մարզադաշտը, կարող է որակազրկվել։
Նշենք, որ Հայաստանում այս տարի կայացած միջազգային գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում և դրանցից հետո արձանագրվել են տհաճ միջադեպեր, ծեծկռտուք, ինչի համար տույժեր են կրել ՀՖՖ-ն և հայկական ակումբները:

«Անվտանգության աշխատակիցները պետք է լինեն իրենց տեղում, թույլ չտան ծեծկռտուքներ կամ առավել ևս ներքաշվեն դրանց մեջ, իսկ երկրպագուներն իրենց հերթին պետք է լինեն զուսպ և կարգապահ, չդիմեն ծայրահեղությունների։ Հաճելի չէ, որ մարդիկ ականատես են լինում, թե ինչպես ֆուտբոլային խաղից հետո հայերը նման վիճաբանությունների մեջ են հայտնվում։ Աշխարհում շատ են դեպքերը, երբ տարբեր թիմերի երկրպագուները բախվում են իրար, բայց մեր պարագայում կրկնակի ցավալի է, որովհետև երկու խմբի բաժանված` բախվում են մեր հայրենակիցները»,- ասաց Գրիգորյանը։
Նրա կարծիքով` եթե միջազգային խաղերի համար նախատեսված «Հանրապետական» մարզադաշտը որակազրկվի, մենք կմնանք ձեռնունայն, իսկ մոտ ապագայում սպասվում են կարևոր խաղեր ազգային հավաքականի և «Փյունիկի» մասնակցությամբ։ Հետևաբար դրանք կարող են անցկացվել կա՛մ առանց հանդիսականների, կա՛մ, որ ավելի վատ է՝ չեզոք դաշտում։
Գրիգորյանի կարծիքով` մի խումբ մարդկանց վատ պահվածքի պատճառով կարող է տուժել մեր առաջատար թիմի, մեր ֆուտբոլի հեղինակությունը։

«Մարզադաշտերում նման դեպքերը բացառելու համար համատեղ պետք է աշխատեն և՛ ակումբները, և՛ ֆեդերացիան, և՛ երկրպագուների մասնագիտացված կազմակերպությունները, նույնիսկ պետք է վերանայել ու ավելի խստացնել անվտանգության կանոնները, եթե դրա անհրաժեշտությունը կա։ Մեր ակումբներն առանձնապես հարուստ չեն, միլիոնավոր դոլարների բյուջե չունեն, հետևաբար նրանց համար էլ շատ ծանր է պարբերաբար մեծ տուգանքներ վճարել երկրպագուների անկարգությունների պատճառով»,- ասաց Գրիգորյանը։

Գրիգորյանը նշեց, որ որոշ մարդիկ պարզապես միտումնավոր կերպով միջադեպեր հրահրելու համար են գալիս մարզադաշտ, ուստի նրանք պետք է ենթարկվեն մանրազնին ստուգման։

Նրա խոսքով` կան ֆուտբոլիստներ, որոնք նույնպես կարող են խաղերից առաջ կոչով դիմել մարզասերներին, նրանց խոսքը կարող է դրականորեն ազդել երկրպագուների պահվածքի վրա։
Հավելենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը օգոստոսի 12-ին համատեղ հայտարարությամբ դիմել են ֆուտբոլասերներին և խնդրել, որ նրանք աջակցեն իրենց «Հանրապետական» մարզադաշտում կարգուկանոնի հաստատման համար։