ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։
«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,–ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք` թուրքական ԶԼՄ–ները գրել էին, որ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպումը կկայանա սեպտեմբերին։
Նշվում էր նաև, որ Թուրքիան դեմ է Հայաստանի հետ հանդիպումն անցկացնել երրորդ երկրում։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։