Սևանա լիճ թափվող գետերն աղտոտված են կենսածին նյութերով

Սևանա լիճը. Արխիվային լուսանկար
Կենսածին նյութերով աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի – Sputnik. Սևանա լիճ թափվող գետերն աղտոտված են կենսածին նյութերով, նման հայտարարությամբ է հանդես եկել Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Այսպես, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին կենտրոնը Սևանի ջրավազանային կառավարման տարածքում ջրի որակի մոնիթորինգ է իրականացրել Ձկնագետ, Մասրիկ, Կարճաղբյուր, Վարդենիս, Մարտունի, Արգիճի, Ծակքար, Շողվագ և Գավառագետ գետերում:
Սևանա լիճ թափվող վերոնշյալ բոլոր գետերը աղտոտված են կենսածին նյութերով։
Աղտոտվածության հավանական պատճառ են հանդիսանում կոմունալ-կենցաղային կեղտաջրերը և գյուղատնտեսական հոսքաջրերը։ Դրանք իրենց հետ գետեր, իսկ այնուհետև լիճ են տանում ազոտի և ֆոսֆորի զգալի քանակություն:
Հիշեցնենք, որ լիճն այս տարի նույնպես կանաչել է։ Այն բավական նկատելի սկսել էր ծաղկել 2018 թվականի ամռան սեզոնից։ Հաջորդ տարիներին նույնպես խնդիրն ի հայտ է եկել։
Մասնագետների կարծիքով, տարբեր գործոններ են ազդում այդ փոփոխության վրա. ջրի ջերմաստիճանի բարձրացումն ու երկարատև շոգը, ֆոսֆորի պարունակության ավելացումը, նաև ջրի մակարդակի տատանումները։ Անցած տարիներին նրանք հայտնաբերել են, որ լճի ափամերձ տարածքներում կապտականաչ ջրիմուռների տեսակ (անաբենա) է բազմանում, որը թունավոր է համարվում։ Արդյունքում լճի կրկնակի աղտոտման վտանգ է ի հայտ գալիս։