Գազաբալոնների վկայագրման համար կարելի է հերթագրվել նաև հեռախոսազանգով

Գազաբալոնների վկայագրում իրականացնող ընկերության տարածք
Հերթագրման համար լիցենզավորված ընկերություն այցելելու կարիք այլևս չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի – Sputnik. Գազաբալոնների վկայագրման համար լիցենզավորված կազմակերպություններում հերթագրվել կարելի է նաև զանգահարելու միջոցով՝ առանց այցելելու կազմակերպություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
«Լիցենզավորված կազմակերպություններում հերթագրումն իրականացվում է բացառապես անվճար»,–ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ հերթագրման համար լիցենզավորված կազմակերպության կողմից գումար պահանջելու դեպքերի մասին պետք է տեղեկացնել ՏԿԵ նախարարությանը՝ նշելով լիցենզավորված կազմակերպության տվյալները։
Կազմակերպությունների հեռախոսահամարները ներկայացված են այստեղ։
Հիշեցնենք` օգոստոսի 1-ից նոր գործընթաց է սկսվել` գազով շահագործվող բոլոր տրանսպորտային միջոցների գազաբալոնները պետք է վկայագրվեն։ Գերատեսչությունն ավելի վաղ հայտնել էր, որ հաշվի առնելով գազաբալոնների վկայագրման համար առաջացած մեծ հերթերը` վկայագրման համար հերթագրված վարորդները մինչև իրենց հերթագրման օրը հնարավորություն կստանան լիցքավորելու իրենց մեքենաները գազալցակայաններում։ Տրանսպորտային միջոցները գազալցակայաններում կարող են լիցքավորվել, եթե վարորդը ներկայացնի լիցենզավորված ընկերություններում գազաբալոնների վկայագրման համար հերթագրումը հավաստող փաստաթուղթը։
Երևանում և մարզերում այս պահին գործում է 15 լիցենզավորված կազմակերպություն: