Կա՛մ երեխան, կա՛մ ես․ ինչպես 2 երեխաների հետ միայնակ մնացած կինը հաջողակ գործարար դարձավ

Առողջական խնդիրներով ծնված շատ երեխաների մայրերը միայնակ են մեծացնում։ Ամուսինները հեռանում են՝ չցանկանալով ապրել «խնդրով երեխայի» հետ։ Sputnik Արմենիան պատմում է մի կնոջ մասին, որը 24 տարի առաջ միայնակ մնաց 6-ամյա դստեր ու Դաունի համախտանիշով նորածին որդու հետ։
Sputnik
24 տարի առաջ Լուսինեն երկրորդ անգամ մայրացավ։ Սակայն այս անգամ մայրության բերկրանքին խառը զգացողություններ էին գումարվել. սպասված որդին՝ Ռաֆայելը, Դաունի համախտանիշով էր ծնվել։ Հենց ծննդատանն ամուսինն ընտրության առջև կանգնեցրեց․ «Կա՛մ թողնում ես երեխային, կա՛մ բաժանվում ենք»։
«Բժիշկները, ծանոթներն ասում էին՝ կյանքդ կկործանես։ Այդ դժվար պահին ծնողներս էին կողքիս, ասացին՝ քո որոշումն է։ Այդպես ես ընտրեցի ամուսնալուծությունը։ Ծննդատնից արդեն հայրական տուն եմ վերադարձել»,- հիշում է վանաձորցի Լուսինե Բարաթյանը, որն այսօր Հայաստանի գործարար կանանցից է։
Նրա հիմնած ընկերությունը զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, մատուցում քեթրինգ ծառայություն։ Դա՝ այսօր, իսկ 24 տարի առաջ Լուսինեն հայրական տուն վերադարձավ առանց աշխատանքի ու եկամտի աղբյուրի՝ մի քանի օրական Ռաֆայելի ու 6 տարեկան Յունոնայի հետ։

«Ինձ թույլ չեն տվել աշխատել»

Լուսինեն սովորել է Պոլիտեխնիկ ինստիտուտի քիմիայի ֆակուլտետում։ Ասում է՝ մանկուց երազում էր դեղատան տնօրեն դառնալու մասին։
«Մեր շենքի կողքին դեղատուն կար։ Միշտ գնում, նայում էի, թե ինչպես են տարբեր նյութեր խառնելով՝ մեկ այլ բան ստանում։ Ես էլ էի ուզում դրանով զբաղվել։ Հիմա մեկ-մեկ մտածում եմ՝ երազանքս կատարվել է, այսօր էլ տարբեր մթերքներ իրար եմ խառնում, մեկ այլ բան ստանում»։
Դեղատան տնօրեն դառնալ չստացվեց. հենց առաջին կուրսում ամուսնացավ։ Մեկ տարի անց ծնվեց առաջնեկը՝ Յունոնան։ Աշխատելու մասին խոսք լինել չէր կարող․ ամուսնու ընտանիքի դրվածքն էր այդպիսին՝ կնոջ տեղը տունն է։
«Բայց միշտ ուզել եմ գումար վաստակել, ֆինանսական ինքնուրույնություն ունենալ։ Հիշում եմ՝ 90-ականների սկզբին սկեսրայրս միկրոալիքային վառարան էր գնել, անընդհատ ասում էի՝ եկեք խմորեղենի արտադրամաս հիմնենք` ես թխեմ, դուք կազմակերպեք իրացումը: Բայց չէին համաձայնում»։

«Նպատակ դրեցի` ինձ չպետք է խղճան»

Հայրական տուն վերադառնալուց հետո Լուսինեն գիշերը ցերեկ դարձրեց ընտանիքի հոգսը թեթևացնելու համար։
«Ռաֆոս 98-ին ծնվեց։ Ծանր տարիներ էին։ Մենք չորս երեխա էինք, տան մեծը ես էի, մի քույրս ամուսնացած էր, փոքր քույրս՝ ուսանող, իսկ եղբայրս դեռ դպրոցական էր։ Ծնողներս պետական աշխատանք էին կորցրել, ես նպաստ էի ստանում։ Ռաֆոս դարձավ 1 տարեկան, սկսեցի տանը պելմենի ու իշլի քյուֆթա պատրաստել»,- կյանքի դառն օրերի մասին ժպտալով պատմում է Լուսինեն։
Ասում է՝ խոհանոցի հանդեպ սերը տատիկից է ժառանգել. եփել-թափել միշտ է սիրել, թեպետ մայրը դեմ էր, որ աղջիկը խոհանոցում շատ ժամանակ անցկացնի։
«Մայրս գիտությունների թեկնածու էր, օրգանական քիմիայի մասնագետ, ինձ ինչքան խոհանոցում տեսնում էր, ասում էր՝ դու՛րս արի էստեղից, կյանքում ավելի կարևոր բաներ կան, բայց մեկ է՝ խոհանոցում ինձ միշտ լավ եմ զգացել»։
2002-ին Լուսինեին հերթական փորձությունը բաժին հասավ․ մայրը մահացավ։
«Հայրս քույրերիս ու եղբորս ասաց՝ էսօրվանից ձեր մաման Լուսինեն է․․․»,- արցունքներն ընդհատում են Լուսինեի պատմությունը։
Մի քանի տարի անց նաև հայրը մահացավ՝ Լուսինեին թողնելով ոչ միայն ընտանիքի մոր, այլև հոր բեռը։ Ասում է՝ իրեն ուժ էր տալիս այն միտքը, որ եթե ինքն ընկճվի, ընտանիքը կկործանվի։
«Ինձ համար նպատակ էր անել ամեն բան, որ քույրերս, եղբայրս չխեղճանան, որ աղջիկս լավ կրթություն ստանա, որ ինձ չխղճան, ֆինանսապես կայուն ու անկախ լինեմ: Աղջիկս մեկ-մեկ հիշեցնում է այդ օրերը, երբ ասում էր՝ մամ, մե՞զ ես ավելի շատ սիրում, թե՞ իշլի քյուֆթաները։ Ես ասում էի՝ իշլի քյուֆթաները, որովհետև դրանք օգնում են ձեզ պահել։

Գործազուրկ կնոջից մինչև հաջողակ գործարար

2005 թվականին Լուսինեն արդեն հարկատու դարձավ․ ֆուրշետներով էր զբաղվում։ Խոստովանում է՝ աշխատում էր բառի բուն իմաստով` ինտուիտիվ։
«Պարզապես միջազգային կազմակերպություններից մեկը Վանաձորում միջոցառում էր անում, ֆուրշետ պատվիրեցին։ Այն ժամանակ համացանց չկար, որ ուզածդ բառը գրես, մի քանի րոպեում սովորես՝ ինչ ու ինչպես անել, ես ինտուիցիայով արեցի։ Էդպես սկսվեց գործը»։
Լուսինե Բարաթյան
Երկար տարիներ Լուսինեն Վանաձորում ֆուրշետների գործում մրցակից չուներ։ Թեպետ խոստովանում է՝ լոռեցիներն էլ ֆուրշետներին վերապահումով էին մոտենում, ասում՝ էս ի՞նչ պուճուր-մուճուր բաներ են։ Աստիճանաբար ֆուրշետը վերածվեց քեթրինգ ծառայության։
«Քանի որ ես պատրաստի ոչինչ չեմ գնում, ամեն ինչ մենք ենք պատրաստում, ա՛յ, հենց քեթրինգի համար էլ կիսաֆաբրիկատներ էին պետք։ 2016-ին որոշեցի նորից վերակենդանացնել կիսաֆաբրիկատների արտադրությունը»,- պատմում է Լուսինեն։
Սկսեցին ընդամենը մոտ 10 տեսակի կիսաֆաբրիկատներով, հիմա տեսականին 40-ից ավելի է։ Սա ընտանեկան բիզնես է. եղբայրը գլխավոր տեխնոլոգն է, օգնում են քույրերը։ Դուստրը՝ Յունոնան, ընկերության մարքեթինգով է զբաղվում, սոցցանցերի էջերը կառավարում։ Անփոխարինելի օգնականներից է Ռաֆայելը։

Արև Ռաֆոն

«Ինքը շատ պոզիտիվ է, սուր հումոր ունի, շատ մաքրասեր է, տնային գործերում է ինձ օգնում, շատ պարտաճանաչ է, որպես աշխատակից իդեալական գործ է անում, չի սիրում թերի անել»,- որդու մասին հպարտությամբ պատմում է Լուսինեն։
Լուսինեն որդու` Ռաֆայելի հետ
Ռաֆոն նաև հաճախ որպես ընկերության գովազդային դեմք է ներկայանում, նրա մասնակցությամբ հոլովակներ են պատրաստում։ Ասում է՝ եթե հոլովակում Ռաֆոն ինչ-որ արտադրանք է ներկայացնում, ապա դրա վաճառքը կտրուկ ավելանում է։
24 տարի առաջ իր կայացրած որոշման ու կատարած ընտրության համար երբեք չի զղջացել։ Ռաֆոն ոչ թե խնդիր է ավելացրել, այլ արև բերել։
Ռաֆայելը
«Ինքը շատ շնորհակալ երեխա է։ Հետաքրքիր է՝ ինձ մամա չի ասում, մեկ-մեկ ասում է` սրբություն, հաճախ անունով դիմում, մեկ-մեկ էլ պապո է ասում»։
Ռաֆոն երազում է մեծ բարերար դառնալու մասին։ Լուսինեն ասում է՝ երբ Ռաֆոն մի գործ է անում, ինքը միշտ դրա դիմաց գումար է տալիս, ասում է՝ դու ես վաստակել։ Ռաֆոն ինքն է որոշում՝ ինչպես տնօրինել գումարը` իր համար համեղ բաներ գնել, մանկատանը նվիրել, որևէ մի նպատակի համար նվիրատվություն անել։ Որոշել է՝ հենց սկսեց կարգին գումար վաստակել, նաև ամուսնանալու է։
1 / 3

Լուսինեն ու որդին` Ռաֆայելը

2 / 3

Ռաֆայելը

3 / 3

Ռաֆայելը ՍԲ Զորավոր եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գրիգորի հետ

Լուսինեն մեծ նպատակ ունի՝ երազում է արև-երեխաների համար 18-ից հետո կրթություն ստանալու, որևէ մասնագիտություն, արհեստ սովորելու հնարավորություն ստեղծել։ Դրա համար, իհարկե, ցանկությունից բացի նաև ֆինանսներ են պետք։ Արտերկրից առաջարկներ ունի կիսաֆաբրիկատների արտադրությունը նաև դրսում ծավալելու։ Ասում է՝ միտքը դուր է գալիս, բայց նպատակ չունի Հայաստանից հեռանալու, համենայն դեպս՝ երկարաժամկետ։ Դա դիտարկում է որպես հնարավորություն մեծ գումարներ վաստակելու և դրանք այստեղ՝ սեփական երկրում ներդնելու համար։
Լողի չեմպիոնից մինչև մեծ բեմեր․Դաունի համախտանիշով երեխաների արևային աշխարհը