Ագրեսիվ և սադրիչ․ Հունաստանում դատապարտել են թուրք ազգայնականների առաջնորդի քայլը

Հունաստանի խոշորագույն Պիրեյոս նավահանգիստը. Արխիվային լուսանկար
Լուսանկարում երևացող քարտեզում Էգեյան ծովի մի մասն ու Կրետե կղզին նշված էին իբրև թուրքական տարածքներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի – Sputnik. Հունաստանի դիվանագիտական շրջանակները դատապարտել են թուրք ազգայնականների առաջնորդ Դևլեթ Բահչելի կողմից քարտեզի ցուցադրումը, որը կասկածի տակ է դնում Հունաստանի ինքնիշխանությունը Էգեյան ծովի կղզիների և Կրետեի նկատմամբ։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Աթենքի AMNA լրատվական գործակալությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարական կոալիցիայի գործընկեր, «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Բահչելին այցելել է «Գորշ գայլեր» ազգայնական կազմակերպության կենտրոնակայան և լուսանկարվել քարտեզի կողքին, որտեղ Էգեյան ծովի կեսը և Կրետեն պատկերված են որպես Թուրքիային պատկանող:
«Թուրքիայի կառավարության գործընկեր համարվող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քարտեզի հրապարակային ցուցադրումը, որի վրա Հունաստանի տարածքը նշված է որպես թուրքական, ագրեսիվ և սադրիչ գործողություն է։ Մենք այն դատապարտում ենք», - հայտարարել են Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում։
Ընդգծվել է, որ սա Թուրքիայի կողմից ծայրահեղ հռետորաբանության դրսևորման մի մասն է միայն, դրան կարելի է ականատես լինել ամեն օր։
Հունաստանի ԱԳՆ-ում շեշտել են, որ ակնկալում են այդ անթույլատրելի գործողության վերաբերյալ անհապաղ և հրապարակային անհամաձայնության արտահայտում։
Հավելենք, որ հուլիսի 9-ին հունական «Կաթիմերինի» պարբերականին տված հարցազրույցում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանը լիովին աջակցում է Հունաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը:
Նշենք, որ Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում պարբերաբար լարվածություն է առաջանում Էգեյան ծովում հունական կղզիների նկատմամբ թուրքական նկրտումների պատճառով։ Հունաստանը և Թուրքիան 2020 թվականի ամռանը երեք անգամ գտնվել են զինված հակամարտության եզրին, անցկացվել է հունական զինված ուժերի համընդհանուր մոբիլիզացիա: Վերջերս հակասությունները խորացան նաև այն պատճառով, որ ԱՄՆ Կոնգրեսում Հունաստանի վարչապետը կոչ արեց արդիականացված կործանիչներ չտրամադրել Անկարային։