Ալեն Սիմոնյանը հայտարարություն է արել Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ

ԱԺ նախագահը հիշեցրել է, թե ինչ ընթացակարգով է հրաժարականը համարվում ընդունված։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանի հրաժարականի դիմումի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել։
Վանեցյանն այսօր հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը, և այսպիսով դադարում է գոյություն ունենալ ՀՀԿ-ի հետ ձևավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։
ԱԺ նախագահը հիշեցրել է, թե ինչ ընթացակարգով է հրաժարականը համարվում ընդունված։
««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որը ստորագրում և հրապարակում է ԱԺ նախագահը»,–ասված է Սիմոնյանի հայտարարության մեջ։
Նշվում է նաև, որ արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված:
...Արման Սահակյան, Միհրան Պողոսյան. ո՞վ կվերցնի Վանեցյանի վայր դրած մանդատը