ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Ընդդիմությունն ավանդական դարձած երեկոյան երթով անցնում է Երևանի կենտրոնի փողոցներով։ Երթն առաջնորդում են «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Արամ Վարդևանյանը և Իշխան Սաղաթելյանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանը։
Երթը շարժվում է «Միություն, պայքար, հաղթանակ» կոչի ներքո։
Նշենք, որ քաղաքացիները երթի մասնակիցներին աջակցություն են հայտնում մեքենաներից և պատշգամբներից։
Ավելի վաղ ընդդիմությունը փորձել էր նախարարների և ԵՊՀ ռեկտորի դիրքորոշումները պարզել Արցախի հարցի շուրջ, բայց դա նրանց չէր հաջողվել։
Դրանից հետո նրանք վերադարձել էին Ֆրանսիայի հրապարակ։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։