ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը դարձավ Եվրոպայի եռակի չեմպիոն։
Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եզրափակիչում 63,5 կգ քաշային բռնցքամարտիկը հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Լյունի Համրուին։
«Աջակցության համար շնորհակալություն եմ հայտնում բոլորին: Առանց այդ աջակցության այս հաղթանակը հնարավոր է՝ չլիներ: Շնորհակալություն եմ հայտնում նաև ինձ, քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բաչկովը։
30-ամյա գյումրեցին Եվրոպայի չեմպիոնի տիտղոս էր նվաճել նաև 2017 թվականին Խարկովում և 2019-ին Մինսկում։
Չեմպիոնական տիտղոսի համար այսօր կպայքարի նաև 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։ Նրա մրցակիցը վրացի Գեորգի Կուշինաշվիլին է:
Հիշեցնենք` Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը կայացավ մայիսի 22-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Առաջնությանը մասնակցում են 39 երկիր ներկայացնող ավելի քան 200 մարզիկներ։ Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: