ՀՀ նախագահը պարգևատրել է զինվորականներին ու կամավորներին, հինգին` հետմահու

Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է մի խումբ զինծառայողների և կամավորականների
Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հանրապետության տոնի առթիվ հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների ու կամավորականների պարգևատրել է մեդալներով, նրանցից 5-ին` հետմահու։ Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը պարգևները հանձնել է Սարդարապատի Հայոց ազգագրության թանգարանում, շնորհավորել պարգևատրվածներին, նրանց հարազատներին և շնորհակալություն հայտնել ցուցաբերած խիզախության և նվիրումի համար:
«Դժվար էր հավատալ, որ կարելի էր 1918 թվականից հետո, ցեղասպանության այդ դաժան օրերից հետո պետություն կերտելու մասին մտածել: Սակայն հայ ժողովուրդը, մեր նախնիները դա արեցին: Այդպիսի հնարավորություն եղավ 1991 թվականին»,– ասել է Խաչատուրյանը։
ՀՀ նախագահը համոզմունք է հայտնել, որ հայ ժողովուրդն այսուհետ ևս կարողանալու է կերտել այն պետությունը, այն երկիրը, որի մասին երազում է:
Հիշեցնենք` Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո: Հանրապետության օրվա առաջին տոնակատարություններն անցկացվեցին Արցախյան շարժման սկզբում։ Առաջին հանրապետության 70-ամյակին՝ 1988 թվականին, Մատենադարանի դիմաց առաջին անգամ բարձրացվեց Հայաստանի դրոշը։ Հանրապետության հրապարակում անցկացվեց նոր կազմավորված զինվորականների զորահանդեսը, որը ղեկավարում էր գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Մենք պետք է դասեր քաղենք. ՀՀ առաջին դեմքերը հանդես են եկել ուղերձներով