ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած ժամկետային զինծառայող Էդուարդ Մարտիրոսովը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՊՆ-ն նաև հայտնում է, որ զինծառայողը վերադարձվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ։
Հնարավոր արտահանձնման մասին հայտարարել էր Ադրբեջանական գերիների ու պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ Մարտիրոսովի հետ կապը կորել էր ապրիլի 23-ին զորամասից մարտական դիրք գնալու ճանապարհին։ Ավելի ուշ պարզվեց, որ զինծառայողը չճշտված հանգամանքներում անցել է սահմանը և հայտնվել ադրբեջանական կողմում։