Ծովագնացության կազմակերպությունը նախազգուշացրել է Սև ծովում ականների վտանգի մասին

IMO–ի քարտուղարությունը շարունակում է սերտ կապեր պահպանել տարածաշրջանում բոլոր առանցքային շահագրգիռ կողմերի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Սև ծովում, այդ թվում ափամերձ պետությունների ափերի մոտ աշխատելիս նավերը պետք է առանձնակի զգուշությամբ տեղաշարժվեն։ Այս մասին ասվում է Ծովագնացության միջազգային կազմակերպության (IMO)՝ Սև ծովում լողացող ականների վերաբերյալ հայտարարության մեջ։
«Քարտուղարությունը հաղորդումներ է ստացել Սևծովյան շրջանում աշխատող նավերի և անձնակազմի անվտանգությանը լուրջ և անմիջական սպառնալիք ներկայացնող Սևծովյան շրջանում, այդ թվում Ռումինիայի և Թուրքիայի ափերի մոտ ազատ լողացող ծովային ականների մասին, որոնք Ուկրաինայում շարունակվող հակամարտության հետևանք են», – ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ նշվում է հայտարարության մեջ։
IMO–ի քարտուղարությունը շարունակում է սերտ կապեր պահպանել տարածաշրջանում բոլոր առանցքային շահագրգիռ կողմերի հետ և իր ներդրումն ունենալ անվտանգության խնդիրների լուծման հարցում։
Ավելի վաղ IMO գլխավոր քարտուղար Կիտակ Լիմը արտակարգ իրավիճակների գծով օպերատիվ խումբ էր ստեղծել` համակարգելու համար նավագնացության, նավահանգիստների և նավաստիների անվտանգությանը սպառնացող վտանգը նվազեցնելուն ուղղված ջանքերը։
IMO–ի քարտուղարության տեղեկությամբ, Ուկրաինայի նավահանգիստներում ՌԴ ռազմական հատուկ գործողությունների մեկնարկից ի վեր 94 նավ և անձնակազմի շուրջ 2 հազար անդամ է գտնվել։ Այժմ այնտեղ 84 նավ և անձնակազմի մոտ 200 անդամ է արգելափակված։