Ֆրանսիայի հրապարակում մահվան գործով ձերբակալված կա. զենք ու թմրանյութ են հայտնաբերել

Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածում տարբեր տեսակի թմրամիջոցներ են հայտնաբերվել, ըստ հաղորդագրության:
Sputnik
ՀՀ քննչական կոմիտեն որոշ մանրամասներ է հայտնում Ֆրանսիայի հրապարակում բողոքի ակցիաներին մասնակցած քաղաքացու մահվան դեպքի վերաբերյալ։
Ըստ հաղորդագրության` քրեական գործի շրջանակում քննության առարկա են դարձել հավաքի մասնակից Արթուր Անդրանիկի Սեդրակյանին թմրամիջոցներ իրացնելու հանգամանքները, քանի որ պարզվել է, որ նրա մահը վրա է հասել սուր սրտային անբավարարությունից՝ բնական և սինթետիկ թմրանյութերից թունավորման հետևանքով:
Քննչական կոմիտեն փոխանցում է նաև, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ու տարածքային համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվել են համատեղ միջոցառումներ, որոնց ընթացքում 39 բնակարանների և 4 ավտոմեքենաների խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեն, համալրող դետալներ, փամփուշտներ, մարիխուանա», հաշիշ, կանեփի սերմեր և թփեր, իսկ քաղաքացի Ա.Վ.-ի ավտոմեքենայի պահեստային անվադողի տեղադրման հատվածից՝ 475 գրամ մեթամֆետամին, 950 գրամ մարիխուանա, 1055 գրամ ափիոն, 72,8 գրամ հերոին տեսակի թմրամիջոցներ:
Ա.Վ.-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք` մայիսի 5-ին Ֆրանսիայի հրապարակում 41-ամյա մի տղամարդ է մահացել։
Ըստ ականատեսների` նա հրապարակից երթի էր դուրս եկել, բայց ճանապարհին վատ էր զգացել, ընկերոջ հետ վերադարձել վրանների մոտ։
Ֆրանսիայի հրապարակում տղամարդու մահվան պատճառը շտապօգնության ուշանալը չէ. պարզաբանում
Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը հայտնել էր, որ քաղաքացին մահացել է մայիսի 5-ին` ժամը 14։00-ի սահմաններում։