ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի – Sputnik. Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը։ Անվտանգության խորհրդի նիստում նման հայտարարություն է արել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հարությունյանը նշել է, որ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:
«Հարությունյանի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հարությունյանն ասել է նաև, որ Փաշինյանն ընդգծել է` որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ, և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով:
Հարությունյանը շեշտել է, որ Արցախն անշեղորեն շարունակում է իր ժողովրդի ինքնորոշման իրավունքի լրիվ ու անվերապահ իրացման միջոցով անկախության միջազգային ճանաչման ուղին։ Նա ևս մեկ անգամ ասել է, որ արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս:
Հավելենք, որ Հարությունյանն անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել` ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների՝ իրեն ուղղված նամակին։ Արցախի ԱԺ խորհրդարանական կուսակցություններն Անվտանգության խորհրդրի հրատապ նիստ անցկացնելու պահանջով դիմել էին Արայիկ Հարությունյանին։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա են դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին: